Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանի պնդմամբ՝ Երվանդ Մանարյանի ստեղծած «Ագուլիս» մանկական թատրոնի գովազդը շարունակում է հնչել ռադիոյով (ճիշտ է, տիկին Ռաֆայելյանը չի ճշտում, թե հատկապես ո՛ր կայանով): Մեջբերում եմ նրա խոսքերը «Իրատես» թերթին տված հարցազրույցից. «… ամիսներ առաջ լսել եմ այդ գովազդը ռադիոյով և շատ զարմացել: Բայց իմ զարմանալը դեռ ոչինչ: Ավելի անհանդուրժելին այն է, որ այդ նույն գովազդը լսում են մարդիկ, ովքեր իրենց երեխաների հետ գալիս են թատրոն, փակ են գտնում դռներն ու մեխանիկորեն բարձրանում տուն-թանգարան: Երբ մեզնից իմանում են, որ թատրոնը չի գործում, վրդովմունքի ամբողջ պաշարը թափում են մեր գլխին, բողոքում, թե ինչու է գովազդվում չգործող թատրոնը: Մեծերին մի կերպ հաջողվում է ինչ-որ բան բացատրել, բայց հիասթափություն ու ափսոսանք ապրող փոքրիկների աչքերին նայելն այնքան էլ հեշտ չէ: Այս մասին պիտի մտածեն կեղծ գովազդ տարածողները. հասկանալի է, որ գովազդն ունենում է պատվիրատու, լավ կլիներ, որ հենց նա էլ գար ու բացատրություններ տար թատրոնի փակ դռներին բախվող մարդկանց»:
Շատ հետաքրքիր է այդ պատվիրատուի գաղափարը, որը խաբված մանուկներին կարեկցող տիկին Ռաֆայելյանը հուզառատ կերպով բարձրաձայնում է։ Ինքս էլ շատ կցանկանայի իմանալ, թե ով է չգործող թատրոնի չարաբաստիկ գովազդը հնչեցնում եթերում: Մի բան, որ օրը ցերեկով փորձում են բարդել «Ագուլիսի» նոր ղեկավարության գլխին: Չի ստացվի, տիկին Ռաֆայելյան, կներեք՝ էդքան պրիմիտիվ չենք: Մենք հաստատ մեր թշնամին չենք, որ կանխամտածված հիասթափեցնենք հանդիսատեսին, «էստի համեցեք» գոռալով ու միաժամանակ դռները նրա քթի առաջ փակելով:
Եթե նույնիսկ ենթադրենք, որ այդ գովազդն իրականություն է, մեղքը, կարծում եմ, նույն խորհրդավոր ռադիոյինն է, որի աշխատակիցները երևի պարզապես ծուլանում են զանգել «Ագուլիս», ճշտելու համար թատրոնի գործունեության հետ կապված հարցերը: Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ երբեմն որոշ հեռուստաալիքներ ցուցադրում են օրեր ու շաբաթներ առաջ այժմեականությունը կորցրած գովազդեր, դա անելով սովորության ուժով: Էլ ո՜ւր մնաց՝ խորհրդավոր ռադիոն: ՈՒ ամենակարևորը՝ մշակութային անվճար գովազդ տարածողները, որպես կանոն, իրենք են հետամուտ լուսաբանելու թատրոնների անցուդարձը և շատ հաճախ հենց իրենք են դիմում մշակութային հաստատություններին՝ տեղեկանալու վերջին նորություններին: Քրիստ Մանարյանն ու «Ագուլիս» թատրոնի կոլեկտիվը չեն կարող իրենց գործում թերացող մարդկանց պատճառով հերթապահել փակ թատրոնի մուտքի առջև՝ հանդիսատեսին բացատրելու համար, որ հիմա ստիպված ներկայացումներ չենք խաղում: Մենք դա անում ենք հեռախոսներով՝ ամեն օր պատասխանելով հեռախոսազանգերի և խնդրելով մանուկ ու մեծահասակ հանդիսատեսին մի փոքր սպասել, մինչև ոչ մեր մեղքով ծագած կնճռոտ հարցերը կարգավորվեն, ու թատրոնը նորից սկսի գործել:
Մյուս կողմից՝ այս ամենը կրկին վկայում է, որ «Ագուլիսը» ինչպես եղել, այնպես էլ մնում է թատերասեր մանուկների ուշադրության կենտրոնում, և խոսք լինել չի կարող այն մասին, որ մեծ դժվարությամբ բացված ու տասնամյակներ գործող այդ տարածքը դադարի որպես թատրոն ծառայելուց և «վերադարձվի» տուն-թանգարանին (որի կազմի մեջ, մշակույթի նախարարության հավաստմամբ, հայտնվել է 2010-ին, շատ ավելի ուշ, քան այնտեղ սկսել է գործել «Ագուլիսը»):
Այնուհետև, ինձ տհաճորեն զարմացրեց գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի մտավախությունն առ այն, որ «Ագուլիսի» տարածքը կարող է երբևէ ծառայել այլ նպատակի: Լրագրողի հարցին՝ «Կարծես մտավախություն ունեք, որ տարածքը կարող է օգտագործվել ա՞յլ նպատակներով», պարոն Վարդանյանը լրջորեն պատասխանում է. «Այո, միայն դրա համար եմ ուզում, որ իրավաբանական ակտ լինի»: Իրավաբանական ակտ պարտադիր է, որ լինի՝ առանց դրա հարաբերություններ ընդհանրապես չեն կառուցվում իրավաբանական անձանց միջև: Բայց փաստորեն մտավախություն կա, որ «Ագուլիսը» կարող է դառնալ, ասենք, գինետուն կամ ավիատոմսերի վաճառքի գործակալություն… Շատ կցանկանայի իմանալ, թե որն է պարոն Վարդանյանի մտավախության պատճառը, և մինչև հիմա քանի՞ մշակութային հաստատություն է մանուկների բարեկամ Քրիստ քեռու թեթև ձեռքով վերածվել գինետների, որ նման մռայլ հեռանկարներ են հառնում գրականության և արվեստի թանգարանի տնօրենի հայացքին:
Հիմա` կոմունալ վճարումների մասով: Պարոն Վարդանյանը հայտնում է. «Մեզ վճար պետք չէ, նույնիսկ երբևէ չենք առաջարկել հոսանքի, ջրի չնչին գումարները վճարել, մեր արտաբյուջետային միջոցներով ենք հոգացել, մտածելով, որ մի մազաչափ ձեռք ենք մեկնում թատրոնին»: Այս կապակցությամբ ևս ճշտում մտցնեմ.՝ մայրս, Մերի Քեշիշյանը, որը բոլոր այս տարիներին զբաղվել է թատրոնի ֆինանսական գործերով, ինձ քանիցս ասել է. «Ամեն ամիս լույսի, ջրի և հեռախոսի վարձավճարները, որոնց հաշիվը ներկայացրել է տուն-թանգարանի տնօրենությունը, առձեռն հանձնել ենք Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչին»: Որպես պարկեշտ ու ազնիվ ընտանիքում մեծացած որդի՝ ես հիմքեր չունեմ մորս չհավատալու ու սրանով դնում եմ վերջակետ:
Հիմա էլ իմ ու «Ագուլիս» թատրոնի «առնչությունների» մասին, որոնք ըստ էության կասկածի տակ են դրվում նույն պարոն Վարդանյանի կողմից: Այո, թատրոնը ստեղծել է հայրս՝ Երվանդ Մանարյանը, ստեղծել է ծանր աշխատանքով, սեփական ձեռքերով մաքրելով քանդուքարափ եղած տարածքը, ինչը հաստատում է պարոն Վարդանյանը, և ծախսել է միջոցներ սեփական գրպանից (ինչի մասին չի խոսվում): Ես, ինչ խոսք՝ ավելի ուշ եմ միացել «Ագուլիսի» գործունեությանը, գրել եմ երաժշտություն ներկայացումների համար, հոգացել եմ որոշ տնտեսական կարիքներ, փորձել եմ ակտիվացնել կյանքը թատրոնում՝ համերգներ կազմակերպելով: Ավելի շատ ու ավելի ակտիվ կերպով Երվանդ պապիկին օգնել է դուստրս՝ Լիլիթը, որը մասնակցել է բոլոր ներկայացումներին, թատրոնի կազմում ընդգրկված է 15 տարեկանից, զբաղվում է տիկնիկավարությամբ, տիկնիկագործությամբ և խմբագրի աշխատանք է տանում, մշտապես մեկնել է հյուրախաղերի, անգամ դասավանդել է «Տիկնիկային թատրոն» առարկան ԱՅԲ դպրոցում և կազմում է «Ագուլիսի» անբաժան, հիմնական մասը: Ես էլ վերջին մեկուկես տարին դռներ եմ ծեծում, որ կարողանամ թատրոնի գործունեությունը վերականգնել, դա կարող են վկայել և՛ մշակույթի նախարարությունում, և՛ պետգույքում: Մյուս կողմից՝ այս հաշվետվությունները կարող էի և չներկայացնել ու բավարարվել միայն մեկ նախադասությամբ՝ հայրս ինձ է հանձնել իր ստեղծած թատրոնը, նշանակում է` մի բան գիտի:
Համենայն դեպս, բարձրաձայնում եմ ևս մեկ անգամ բոլոր բոլորի համար, որ մտավախություններ չունենան ու հանգիստ քնեն գիշերները՝ մի կողմ դնելով վաստակս արվեստի բնագավառում, հիշեցնեմ՝ ազգանունս Մանարյան է, այդ տարածքում ինչպես եղել է, այնպես էլ լինելու է թատրոն, իսկ սեփականաշնորհման խոսքը բացել եմ միայն ծայրահեղ անհրաժեշտությունից դրդված, որովհետև մշակույթի նախարարությունն այդպես էլ գումար չգտավ խոստացած վերանորոգման համար: Ես էլ առաջարկեցի այս տարբերակը:
Թող հանձնեն երկարաժամկետ վարձակալության «Երվանդ Մանարյան» ՓԲԸ-ին, որի տնօրենն եմ, դա կլինի ընդունելի լուծում, այն, ինչ մեզ առաջարկել են վերջերս կառավարության աշխատակազմի հետ ունեցած հանդիպման ժամանակ, և ինչին կողմնակից է նույն Կարո Վարդանյանը: ՈՒ այս մասին ես հեռախոսազրույց եմ ունեցել նրա հետ վերջերս, ասել եմ, որ համաձայն եմ այդ տարբերակին: Թե ինչո՞ւ հանկարծ նորից խոսք բացվեց սեփականաշնորհման սարսափազդու հեռանկարի մասին, չգիտեմ: Միգուցե հենց այդտե՞ղ կա շատ որոշակի պատվիրատու: Բայց ինձ դա քիչ է հետաքրքրում, կարևորը՝ որ «Ագուլիսի» դռները նորից բացվեն երեխաների համար:
Քրիստ ՄԱՆԱՐՅԱՆ